«Հրապարակ». Ինչու չի կայացել պատմական հանդիպումը

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, օրերս խոսելով Ազգային կոմիտեի ձախողման պատճառների մասին, ասել էր, որ իրենք ժամանակավոր կառավարության կազմ էին ներկայացրել` Արման Թաթոյանի գլխավորությամբ, սակայն կար մեկ պայման․ բոլոր նախկին նախագահները եւ կաթողիկոսները պետք է նաեւ հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ցավոք, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց: Այս հայտարարությունը հերքեցին Թաթոյանն ու առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: Սակայն այդ գործընթացին առնչվող մարդիկ այլ մանրամասներ էլ են պատմում։

Մասնավորապես՝ որ Ազգային կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյանը փորձել է բանակցել, հանդիպել տարբեր կողմերի հետ, այդ թվում` Լեւոն Տեր-Պետրոսյանի: Հայտարարել է, որ պատրաստ է մի կողմ դնել նրա հետ ունեցած բոլոր երկարամյա տարաձայնությունները եւ գնալ անձամբ բանակցելու, որպեսզի երկիրը հանեն այս վիճակից, սակայն ՀՀ առաջին նախագահը մերժել է հանդիպելու առաջարկը։ Մենք կապվեցինք Վազգեն Մանուկյանի հետ, հետաքրքրվեցինք այս միջադեպով՝ իսկապե՞ս առաջարկել է հանդիպել, եւ մերժվել է իր առաջարկը: Նա ուշադիր լսեց մեր հարցը եւ ասաց. «Ես Ձեր ասածը ո՛չ կհաստատեմ եւ ո՛չ էլ կհերքեմ: Շատ շնորհակալ եմ»:

Կիսվել սոց. ցանցերում `
AzatNews