- Էլինարի ամուսինը՝ Դենիս Դյաչենկոն, ազգությամբ ուկրաինացի է, բայց գիտակցական ողջ կյանքն ապրել է Արցախում և այնքան է սիրել ծառայությունը, որ 16 տարի զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը։Նախքան իննամսյա շրջափակումը՝ 2022֊ի դեկտեմբերի 3-ից 4-ը, երբ ադրբեջանցիները փակեցին Ստեփանակերտ-Շուշի կյանքի ճանապարհը, Էլինարն ընտանիքով Երևանում էր, երեխային ստուգման էին տարել։ Անալիզների պատասխանը դեռ չէին ստացել բժշկից, երբ ճանապարհի փակման լուրը ստանալով՝ Դենիսը առանց րոպե վատնելու հիվանդանոցից ուղղություն վերցրեց դեպի Արցախ։ Վաշտի հրամանատար էր, հասկանում էր, որ ցանկացած պահի կարող էր սահմանին վիճակը լարվել, և որ անպայման պետք է լիներ իր զինվորների կողքին։«Հետո զանգեցինք և ասացին, որ երեխայի անալիզների պատասխանը լավ չի, պետք է նորից գնայինք Երևան։ Դեկտեմբերի 12-ին ընդմիշտ փակվեց կյանքի միակ ճանապարհը, և միայն 5 ամիս հետո կարողացանք երեխային բուժման բերել Կարմիր խաչով, Դենիսը մնաց։ Երբ եկանք Երևան, չնայած բլոկադային ուզում էինք հնարավորինս շուտ վերադառնալ Արցախ։ Ռուսների հետ էինք Գորիսից գնացել տուն, այնքան արագ ստացվեց գնալը, որ անգամ մի կգ շաքարավազ էլ չհասցրեցինք տանել մեր հետ։ Բայց ուրախ էինք, որ գնում էինք տուն, Դենիսի մոտ, շատ էինք կարոտել»,— Mediahub-ի հետ զրույցում ընտանիքի հետ կատարվածը պատմում է արցախցի Էլինար Դյաչենկո-Պողոսյանը։
Արցախում վերջին շրջանում ապրած օրերը ծանր, բայց երջանիկ օրեր էին։ Էլինարն ասում է, որ հիմա է հասկանում, բայց երջանկությունն ընդհատվեց սեպտեմբերի 19֊ին։ Երբ պատերազմը սկսվեց, երիտասարդ կինը նորից հիվանդանոցում էր երեխայի հետ, իսկ Դենիսը՝ դիրքերում։ 21 օր չէին տեսել իրար։ Ընտանիքի համար ծանր ժամանակաշրջան էր։
Էլինարի խոսքով՝ այդ օրերին կատարվածն իսկական մղձավանջ էր, ո՛չ կապ կար, ո՛չ մի նորություն։ Գիտեր պատերազմ է, ու որ ամենավատ լուրերը ստանում էր Ասկերանի շրջանի Սառնաղբյուրից, որտեղ և ամուսինն էր վաշտի անձնակազմի հետ։
«Երբ արդեն կրակոցների ձայները լսում էինք Ստեփանակերտում, մտածում էինք, որ ամեն վայրկյան կարող են մտնել նկուղները, քանի որ պատմությունից լավ գիտենք, թե ինչի է ընդունակ մեր թշնամին։ Դենիսի մասին էլ ոչ մի տեղեկություն չունեինք ու գիտեինք, որ Սառնաղբյուրն այլևս չկա, Դենիսի մարտական դիրքը՝ ևս։ Լսել էի, որ այդ գյուղում մարդկանց վայրենաբար սպանել են։ Երկրորդ օրն էր, ոչ մի տեղեկություն։ Ես քրոջս հետ արդեն դիահերձարանում էի փնտրում նրան։
Դիահերձարանի մուտքի մոտ կանգնած արտասվում էի, մեկը մոտեցավ, թե «աղջիկս ու՞մ ես փնտրում», ասացի՝ «ամուսնուս»։ Հարցրեց՝ «ո՞ր մասում էր», ասացի՝ «Սառնաղբյուրի մարտական դիրքերում», հոգոց հանեց ու ասաց՝ «ուժե՛ղ կաց», ու գնաց։ Հույսս ամբողջությամբ մարեց, ես ուժ չունեի, քույրս էր դիակները նայում»,- պատմում է մեր զրուցակիցը։
Քրոջ հորդորով Էլինարը հանրապետական հիվանդանոցում վիրավորների անուն-ազգանուններն էր կարդում, երբ բժիշկը հարցրեց՝ «ու՞մ եք փնտրում», պատասխանը լսելուց հետո զարմացած ասաց՝ «Դենիս Դյաչենկոն ո՞վ է, շատերն են նրա համար եկել»։
«Դա սարսափ ֆիլմ էր հիշեցնում, երբ վիրավորներին տեսնում էի, սիրտս կտոր֊կտոր էր լինում։ Այնքան շատ ծանոթ մարդկանց հանդիպեցի, մեկը՝ վիրավոր, մեկը՝ փնտրտուքների մեջ։ Հետո քույրս Դենիսի որոնման մասին հայտարարություն տվեց, չնայած պատրաստ չէի ընդունել ամենավատը։ Հետո գնացի տուն, որ երեխայի իրերը տանեի մորս տուն։ Արդեն մութ էր, լույս էլ չկար, բայց փողոցները մարդաշատ էր։ 2-րդ օրն էր ընդհանրապես հաց չէի կերել, քայլելուց զգում էի, որ ուժերս սպառվում են, բայց պետք է երեխային խնձոր ու այլ իրեր հասցնեի։ Հոգնածությունից նստել էի մայթին, երբ հեռախոսիս անծանոթ համարից զանգ եկավ։ Պատասխանեցի, Դենիսն էր, ուրախությունից կարծես աշխարհն իմը լիներ, սկսեցի բարձր լացել»,- պատմում էր կինը։
Հազիվ քայլելով, մարմնի վրա բազմաթիվ վերքերով Դենիսը հասավ տուն։ Ոչինչ պատմել չէր կարողանում, միայն ասաց, որ հրաշքով է փրկվել։ «Ադրբեջանցիները նռնակը շպրտել էին Դենիսի ոտքերի տակ, «փսսաց, թանձր ծուխ արեց ու չպայթեց»»,- կատարվածն Աստծո հրաշք է վերագրում Էլինարը։
Արցախից բաժանվելու օրը ամենադաժանն էր երիտասարդ ընտանիքի համար։
«3 օր ճանապարհ եկանք։ Ամբողջ ընթացքում ոչ մեկս չէինք խոսում, լուռ էինք ու մտքերով մեր տանը։ Ճանապարհին նոր ողբերգությունների ականատես եղանք։ Գիշերը 4-ի կողմերն էր, երբ լսվեց մի տղամարդու ձայն, ով գոռում և խնդրում էր ճանապարհ բացել, մայրն էր մահացել։ Հետո լսեցինք բենզալցակայանի պայթյունի լուրը, ու որ բազմաթիվ մարդիկ են զոհվել։
Ականատես եղանք շտապ օգնության մեքենաների շարասյանը, որ Հայաստանից էր գնում Արցախ։ Շատ ծանր ապրումներ ունեցանք։ Ամենուր ճանապարհին մնացած մեքենաներ էին, բենզին չկար, մեկը լացում էր, խնդրում, որ գոնե մի քիչ բենզին տան Հակարին անցնելու համար։ Բայց ոչ մեկը չուներ։ Մենք էլ էինք մնացել ճանապարհին, ռուսների հետ եկանք մինչև Հակարի, իսկ կամուրջը ոտքով անցանք։ Հենց հանդիպեցինք Հայաստանի մեր հայրենակիցներին ու արժանացանք նրանց ջերմ վերաբերմունքին, հասկացանք, փրկվել ենք»։
Դենիսն ու Էլինարը Արցախում թողեցին երջանիկ մի ընտանիքի պատմություն, 16 տարվա ծառայության փորձ, վառված փաստաթղթեր ու զինվորական համազգեստ։
Ասացին՝ «զոհվել է», բայց 3 օր անց հրաշքով զանգեց
