Եվրո-2024-ի ընտական փուլի նախավերջին տուրի՝ Ուելսի հավաքականի հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը վերհիշելով նախորդ խաղում տարած կամային հաղթանակը Ուելսի նկատմամբ, նշել է, որ հաղթանակի հասնելու տարբերակներ միշտ կան, բայց ոչ մի մարզիչ այդ տարբերակների մասին ասուլիսի ընթացքում չի խոսի։
Հարցին, թե ինչու հավաքական չեն հրավիրվել Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը, Պետրակովը պատասխանել է․ «Խորեն Բայրամյանն իմ օրոք հրավիրվել է հավաքական։ Առաջին հավաքին նա ուներ փոքր վնասվածք, հեռացավ հավաքականից ու 3 օր անց խաղաց Ռոստովում։ Երկրորդ հավաքին վնասվածք ստացավ ու հաջորդ օրն առավոտ առաջարկեցինք անցնել բժշկական հետազոտության, բայց միանգամից մեկնեց Ռուսաստան։ Փորձառու ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է կարողանա հարց լուծել խաղադաշտում, հետո կարողանա աօրինակ լինել երիտասարդ ֆուտբոլիստների համար, ինչը չեմ տեսել նախորդ խաղերում։ Բացի այդ, Տիգրան Բարսեղյանի դիրքում ունեմ 4 ֆուտբոլիստ և ընտրությունը կատարել եմ նախապատվությունը տալով երիտասարդներին»։
Խոսելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ նախորդ ընկերական խաղից կրած պարտության մասին՝ մարզիչը նշել է․ «Առանձնակի ընտրություն չենք ունեցել Հյուսիսային Մակեդոնիային որպես մրցակից ընտրելու համար։ Բոլոր հավաքականները զբաղված էին ու մեր ընտրությունը շատ չէր։ Կարող եմ ասել, որ Հայաստանում շատ չեն տաղանդները, այդ պատճառով Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում նոր փորձարկումներ չեղան։ Հրավիրված էին այն ֆուտբոլիստները, որոնք համապատասխանում էին ընտրական փուլում խաղալու որակներին։
Լատվիայի հետ խաղի հետ կապված տրամադրվածությունը առավոտ նկատել էի, որ ֆուտբոլիստներն ուրախ են, կատակումեն, բայց դա ինձ դուր չէր եկել քանի որ ցանկանում էի ֆուտբոլիստները ավելի լուրջ տրամադրվեին խաղին։ Բացի դրանից, այնտեղ մարզադաշտում խնդիրներ կային։ Նախ մարզադաշտ չէին տրամադրում, հետո թույլ չտվեցին, որ մենք նախաղային մարզում անցկացնենք։ Բացի այդ, մենք խաղում էինք սպիտակ մարզաշապիկներով ու ոչ մի ֆուտբոլիստի մարզաշապիկը կեղտոտված չէր, այսինքն մենք լավ չենք պայքարել, զիջել ենք մենապայքարները, այդ պատճառով պարտվել ենք։ Այս խաղի հետ կապված ես ասել եմ, որ հնարավորություն ունենք մտնել պատմության մեջ ու այս խաղը միշտ հիշել, քանի որ խաղում ենք սեփական հարկի տակ ու ունենք հնարավորություն՝ Եվրոպայի առաջնությա ուղեգիր ձեռք բերելու համար։ Սա է մեր գլխավոր մոտիվացիան»։
Հայաստան-Ուելս խաղը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ու կսկսվի 18։00-ին։