ԵՊՀ 1-ին և 2-րդ մասնաշենքերի պարետ Էռնեստ Թովմասյանը առաջիններից մեկն է օգնության շտապել տուժածներին ԵՊՀ նկուղում պայթյունից հետո:
«Գմփաց, մոտիկացանք, վառվում էր, ծուխ էր, ես ոչ մի բան չեմ տեսել: Հասցրեցինք երկու հոգու օգնեցինք, այրվածքներ ունեին, երրորդին էլ չկարողացանք, րդեն խեղդվում էինք»,- ասաց նա՝ հավելելով, որ մահացածը կանաչապատման աշխատակից է:
Թովմասյանը հավելեց, որ օգնողները հիմնականում 3-4 հոգի են եղել՝ ուսանողներ, անվտանգության աշխատակիցներ:
Նրա խոսքով՝ ներսում մնացած տղամարդուն արդեն փրկարարներն են բերել դուրս, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
«Այդտեղ քիմիական ֆակուլտետի պահեստներ են, կանաչապատման աշխատակիցների հանդերձարանն է, իրենք հաճախ են այդտեղ հանդերձափոխվում: Կոնկրետ այդ սենյակում ոչ մի բան չէր պահվում: Ասացին, որ հոսանքը այդտեղ կապ չունի, մասնագետները կարող են ճիշտ ասել»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում պայթյուն է եղել եւ հրդեհ է բռնկվել:
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, ինչպես նաև՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է: Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։ Հրդեհը մարվել է:
Այրվածքաբանական կենտրոնից NEWS.am-ին հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխել երկու հոգու՝ 70-ամյա Սեյրան Բիչախչյանին եւ 65-ամյա Ահարոն Հակոբյանին: Նրանց վիրակապել են եւ ուղարկել «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրանք ունեցել են պոլիտրավմա, բազմաբեկորային վնասվածք, քիմիական այրվածքներ 3-րդ աստիճանի:
Եվս մեկ տուժած, որը ոստիկան է, տեղափոխվել է «Հերացի» հմալսարանական հիվանդանոց: