ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ադրբեջանին ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծ

ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած՝ «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025 թթ․ համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։

Այս մասին հայտնում են Հայ դատի կենտրոնական գրասենյակից՝ նշելով, որ այս քվեարկությունը տեղի է ունեցել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի, հայ համայնքի, վերջինիս կոնգրեսական բարեկամների, ԱՄՆ-ում բնակվող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների շարունակապես աճող հասարակական ու քաղաքական երկարատև ճնշման պարագայում։

Օրինագծի ներկայացման ժամանակ սենատոր Փիթերսը մանրամասնորեն ներկայացրել է ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ սկսած շուրջ տասնամսյա շրջափակումից մինչև սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիա։ Վկայակոչելով այն, որ նախագահ Բայդենը, Ադրբեջանի շարունակապես աճող ագրեսիայի պարագայում, չի դադարեցրել վերջինիս տրամադրվող օժանդակությունը՝ Փիթերսը Սենատի իր գործընկերներին հորդորել է գործել, ասելով․

«Եթե մենք քայլեր չձեռնարկենք, երբ երկրները դիտավորյալ անտեսում են իրենց հետ մեր համաձայնագրերի պայմանները, մեր համաձայնագրերը կդառնան իրականում անիմաստ և անատամ: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին միանալ ինձ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, գործադրելու մեր պայմանավորվածությունները և չհրահրված ագրեսիայի պայմաններում կանգնելու հայ ժողովրդի կողքին»:

Նշվում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, հայ համայնքի ակտիվ ներգրավմամբ, շարունակելու է աշխատանքը «907-րդ բանաձևի» ամբողջական կիրարկումն ապահովելու համար՝ խրախուսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկու օրինագծերի անհապաղ ընդունումը, որոնք կարգելափակեն ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին, ամբողջությամբ չեղարկելով «907-րդ բանաձևի» շրջանցման նախագահական լիազորությունները: Ներկայացուցիչների պալատում գտնվող օրինագծերի նախագծերով նաև առաջարկվում է ընդլայնել Հայաստանին տրամադրվող հումանիտար և ռազմական օժանդակությունը՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ինչպես նաև օգնություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված հայությանը։

Կիսվել սոց. ցանցերում `
AzatNews