Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին կազմակերպությունից դուրս գալու մասին։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
«Հայաստանի ղեկավարության կողմից պաշտոնական հայտարարություններ չեն եղել, որ Հայաստանը դուրս է գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, չեն եղել։ Նման փաստաթղթեր չեն եղել, ես անձամբ չեմ տեսել»,- ասել է Սիդորովը Մոսկվայում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա շեշտել է, որ խոսք անգամ չկա այն մասին, որ ՀԱՊԿ-ը կորցրել է հետաքրքրությունը Կովկասի նկատմամբ, անգամ որևէ մեկի մտքում նման բան չկա։
Նա հույս է հայտնել, որ ՀԱՊԿ կազմի մեջ մտնող պետությունների իմաստուն ղեկավարները կգտնեն մի լուծում այն դժվարություններին, որոնց միջով հիմա անցնում է Հայաստանը։
«Այն, որ Հայաստանը որոշակիորեն սահմանափակ մասնակցություն է ունեցել 2023 թվականին անցկացված համատեղ միջոցառումներին, կարող է պայմանավորված լինել երկրում տարբեր իրավիճակներով, և այստեղ մենք որոշումներ չենք քննարկում։ Միաժամանակ նրանք մասնակցում են օրենսդրական գործունեությանը, կազմակերպության փաստաթղթերի վերանայմանը, ինչպես նաև մշտական գործող կանոնադրական մարմինների գործունեության ֆինանսավորմանը, հետևաբար, գործընթացը շարունակվում է»,- ասել է Սիդորովը։