ՀԱՊԿ-ից դուրս գալու համար հող չենք նախապատրաստում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Հայաստանը ոչ թե հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ նիսին, այլ որոշում է կայացրել ներկա չգտնվել տարբեր պատճառներով, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ հող չի նախապատրաստում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար:

«Որովհետև այդ հողը կամ կա, կամ չկա` անկախ մեր նախապատրաստելուց»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին ու դա կրկնվել է մի քանի անգամ:

«Մեր հանրության համար հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում, ասում, չստանալով ոչ մի արձագանք`թողնում ու հետ վերդառնում»,- նշեց նա:

ՀԱՊԿ-ը, ըստ Փաշինյանի, հրաժավրում է արձանագրել իր պատասխանտվության գոտին Հայաստանում, ինչը կարող է նշանակել, որ ՀՀ-ն այդ պայմաններում ուղղակի լուռ մասնակցելով` կարող է միանալ այն տրամաբանությանը, որը որևէ կերպ կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող»,- շեշտեց նա` ասելով` ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ են տալիս:

Վարչապետն ասաց, որ Հայաստանը չի հրաժարվել, որ ՀԱՊԿ-ն առաքելություն ուղարկի, այլ ասել` ո՞ւր եք ուղարկում:

«Ասել են` Հայաստան, մենք էլ ասել ենք` ցույց տվեք ձեր պատկերացրած Հայաստանը, մեզ ցույց չի տրվել, մենք ենք ցույց տվել Հայաստանը, ասել ենք, որ այս-այս արձանագրումը պետք է արվի, ինչը ՀԱՊԿ-ը չի արել: Քանի որ չի արել, մենք չենք կարող նման առաքելություն ընդունել, քանի որ կստացվի, որ ՀՀ լղոզված պատկերացումը մենք լեգիտամացնում ենք ու այդ պայմաններում լեգիտիմացնում ենք Ադրբեջանի ներխուժումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե ռազմավարական առումով քաղաքական որևէ փոփոխության մասին չեն հայտարարի, քանի դեռ չեն հայտարարել կամ որոշել լքել ՀԱՊԿ-ը:

Կիսվել սոց. ցանցերում `
AzatNews