Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություն են իրականացրել, սակայն ինչպես միշտ, չեն գտել այն, ինչ «փնտրում» են, Аysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
«Այդ ստուգումներն արդեն 3 տարի շարունակ պարբերական բնույթ են կրում, մի ծառայությունը դուրս է գալիս, մյուսն է մտնում։ Սա միայն կապում եմ քաղաքական հետապնդումների հետ, այլ կարծիք չկա» , — ասաց Հակոբյանը։
Կոմբինատում խուզարկություն իրականացնելուց հետո, Հակոբյանի խոսքով, ԱԱԾ աշխատակիցներն առանց հիմքի ձերբակալել են աշխատակիցներից երկուսին, որոնց գտնվելու վայրն իրենց հայտնի չէ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում, որից հետո նրան տարել են անհայտ ուղղությամբ։
«Թե՛ Քաջարանի քաղաքապետի, թե՛ կոմբինատի աշխատակիցների տեղը հայտնի չէ։ Քաղաքական «բեսպրեդել» է։ Փաստաբանները զբաղվում են այդ հարցով», — ասաց Վահե Հակոբյանը։
Ինչ վերաբերում է կոմբինատում խուզարկությանը, Հակոբյանն ասաց, որ այդ մասին տեղեկացվել է ընկերության գլխավոր տնօրենը.
«Այս ամենը շատ խորքային բնույթ է կրում և խորհուրդը պատրաստվում է հրատապ նիստի։ Նախ պետք է հասկանանք, թե աշխատակիցներին ինչու են ձերբակալել, որից հետո խորհրդի նիստը որոշում կկայացնի, ըստ այդմ էլ կկատարանենք մեր գործողությունները։ Այս ապաշնորհ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի գործարանը կամ կանգնի, կամ խափանվի նրա բնականոն աշխատանքը»։