Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում Քարահունջ վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանի գործով դատական նիստը: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Դատարանի բակում է Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանը: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ Լուսինե Ավետյանին առաջադրված մեղադրանքը՝ ընտրակաշառք բաժանել, ընտրողներին ուղղորդել, կեղծիք է, նման բան գոյություն չունի, չի էլ կարող ունենալ:
Ա. Առուշանյանի խոսքով, հերթական բանսարկությունն է:
Նա նշեց, որ մարդկանց գիշերն ուշ ժամի մի քանի անգամ տարել են ոստիկանություն, ստիպել, ճնշել, որ եթե չգրեն «դեմ» որևէ բան, կդատեն:
«Մենք երբեք մեզ թույլ չենք տա թե մեր աշխատողներին, որևէ քաղաքացու ինչ- որ կաշառքով ասենք՝ եկեք, մեզ քվեարկեք: Իմ դեպքում, մեր թիմի դեպքում մեր սկզբունքներին դեմ է, նման բան գոյություն չունի: Հերթական բանսարկություն է:
Բոլոր մեր քաղաքացիներին հետևյալ խոսքն են ասում՝ գրեք Առուշի վրա, կամ էլ չէ ձեզ կդատենք: Վախի մթնոլորտում կամ գումարի, աշխատանքի խոստման դիմաց իրենց խնդիրը փորձում են լուծել: Ուզում են ինչ որ մեկից կորզել ցուցմունք իմ դեմ: Մարդիկ ասում են՝ նման բան չկա, չի եղել: Եթե իրականում չի եղել, չեղած բանը ո՞նց գրեն: Գուցե լինեն մարդիկ, որոնք վախի մթնոլորոտում որոշակի քայլերի գնան: Մինչ այս պահը որևէ նման տեղեկություն չունեմ:
Ինձ թույլ չեմ տվել նման բան նաև համայնքապետի ընտրությունների ժամանակ, որ ուղղորդեմ գնան ու ինձ ընտրեն: Իմ ընկալմամբ, դա սխալ է: Այ իրենք վարչական ռեսուրսները գործի էին դրել, մարդկանց վախեցրել էին, ուսուցիչներին ասել, որ կհանեն աշխատանքից: Իրենց մոտ դա նորմալ է»,- ասաց Գորիսի քաղաքապետը:
Ինչ վերաբերում է քաղաքացիներին տրամադրված դրամական օգնությանը, Ա. Առուշանյանն ասաց, որ դա ամրագրված է բյուջեով, մինչև ընտրություններն էլ եղել է:
«Մեր բյուջեով նախատեսվում է սոցիալապես անապահով ընտանիքներին դրական օգնություն ցուցաբերել: Ամեն ամիս մեր գյուղերում և քաղաքում, ամենօրյա ռեժիմով մարդկանց ընդունում ենք, լսում խնդիրներն ու փորձում լուծել»,- ասաց քաղաքապետը:
Հարցին, թե ի՞նչ վտանգ է ներկայացնում իշխանության համար, «ասում են՝ շուտով Սյունիքում շինարարություն է նախատեսված միջանցքի հետ կապված, ձեզ չեզոքացնում են, որպեսզի չխոչընդոտեք այդ աշխատանքներին», Ա. Առուշանյանն ասաց, որ ինքն էլ է հակված այդ տարբերակին, ոչ թե խնդիրը կոնկրետ իրեն, մյուս համայնքների ղեկավարներին դատելն է:
«Ես հակված եմ այդ տարբերակին, քանի որ գիտեն, որ մենք խոչընդոտելու ենք այդ միջանցքի կառուցմանը, չենք թողելու նման բան: Խնդիրը դրանում է՝ մեզ ձերբակալեն ու այդ հարցը հեշտ լուծեն»,- ասաց Գորիսի քաղաքապետը:
Նա նշեց, որ չի վախենում դատվելուց, միայն թե հանգիստ թողնեն իր աշխատակիցներին, քաղաքացիներին:
«Միևնույնն է՝ իմ սկզբունքները չեն փոխվելու: Պատրաստ եմ դատվել, բայց ոչ այն հոդվածով, որ ուզում են, քանի որ նման որևէ քայլ չի եղել: Իրենց մոտ լավ է ստացվում մարդկանց դեմ սարքելը. բերեն, այստեղ զենք դնեն ու ասեն քոնն է, դատեն»,- ասաց Ա. Առուշանյանը: