Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ հաշտարար հայտարարությունների ֆոնին: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ ասել էր, որ տարածաշրջանային խաղաղության համատեքստում դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից:
«Հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանը: Մեր տարածաշրջանին պետք է կառուցողական մոտեցում: Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, անհրաժեշտ է զարգացնել բարիդրացիական հարաբերությունները՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա: Հետևաբար, մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, նոր կառավարությունը հայտարարել է այս ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին», – ինքնաթիռում թուրք լրագրողներին ասել է Էրդողանը՝ վերադառնալով Սարաևո կատարած այցից: Թուրքիայի նախագահին է մեջբերում NTV- ն:
Նրա խոսքով՝ միայն կայուն խաղաղություն ապահովելուց հետո է հնարավոր զբաղվել տնտեսական զարգացման հարցերով և համագործակցության պայմաններ ստեղծել:
«Նույն ըմբռնումով Ադրբեջանն առաջարկում է բանակցություններ սկսել Հայաստանի հետ` համապարփակ խաղաղության համաձայնության հասնելու համար: Այս մոտեցման շնորհիվ Հարավային Կովկասի զարգացման համար նոր հնարավորություններ կհայտնվեն: Մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են օգտագործել նման պատմական հնարավորությունը: Օրակարգում է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ «5-ի հարթակ» կամ «Վեցնյակի հարթակ» ստեղծելու մեր առաջարկը. մենք առաջարկեցինք Վրաստանը ներառել այստեղ: Եթե նման հարթակ կազմակերպվի, տարածաշրջանը շատ ավելի հանգիստ կդառնա», – ասել է Թուրքիայի առաջնորդը:
Նա հավելել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է կառուցել երկաթուղիներ, մայրուղիներ, «որոնք կմիացնեն երկրները, և այդպիսով բազմաթիվ խնդիրներ կհաղթահարվեն»:
«Մենք այդ հարցերը քննարկեցինք Պուտինի հետ և համաձայնության եկանք. Ալիևի հետ՝ նույնպես: Իրանը նոր նախագահ ունի, և մենք նաև այդ թեման կքննարկենք նրա հետ ևս», – ասել է Էրդողանը: