Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կասկած չունի, որ Ռուսաստանից կգնի С-400-ների երկրորդ խմբաքանակը

Անկարան չի կասկածում, որ տեղի կունենա Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրների 2-րդ խմբաքանակի ձեռքբերումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ռուսաստանից С-400-ների երկրորդ փաթեթը գնելու վերաբերյալ մենք որևէ կասկած չունենք: Մենք Ռուսաստանի հետ բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկում պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Հրդեհների մարման ժամանակ մենք ռուսական ինքնաթիռներ ենք կիրառել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ մենք քննարկել ենք նաև այդ թեման»,- ասել է Էրդողանը:

Ռուսաստանն ու Թուրքիան զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագիրը կնքել են 2017 թվականին: Մատակարարումն իրականացվել է 2019 թվականին: Անկարան այժմ մտադիր է С-400 համալիրների ևս մեկ խմբաքանակ ձեռք բերել Մոսկվայից: Այս մասին ավելի վաղ հայտնել էր երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: