Կանաչ բանջարեղենը շատ օգտակար է առnղջության համար, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են ամենօրյա սննդակարգում անպայման նման մթերք ներառել: Թարմ կանաչ բանջարեղենն օգնում է պայաքարել տարբեր հիվանդությունների դեմ ու ազատվել մի շարք խնդիրներից: Ընդ որում՝ կան կանաչ բանջարեղենի տեսակներ, որոնք օգնում են պայքարել անգամ այնպիսի վտանգավոր հիվանդության դեմ, ինչպիսին է շաքարային դիաբետը:
Շաքարային դիաբետով հիվանդների համար լավագույն բանջարեղենը բրոկոլին է: Սա պայմանավորված է նրանով, որ այն պարունակում է սուլֆարոֆան, որը ոչ միայն նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը, այլև մեղմում է ախտանշաններն արդեն իսկ հիվանդ լինելու դեպքում: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են շաքարային դիաբետով հիվանդներին ամեն օր մի բաժին բրոկոլի ուտել:
Լաբորատոր մկների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ սուլֆորաֆանի միացությունները նվազեցնում են լյարդի բջիջների արտադրած գլյուկոզայի պարունակությունը և արգելակում գեների անոմալ էքսպրեսիան: Լունդի համալսարանի (Շվեդիա) Դիաբետիկ կենտրոնի գիտնական Աննիկա Աքսելսոնի և նրա գործընկերների հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:
Կենդանիների մասնակցությամբ հետազոտություններից հետո գիտնականներն ուսումնասիրել են նաև բրոկոլիի ծիլերի հյութահանուկի ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետով ու ճարպակալումով մարդկանց վրա: Գիտնականները հետազոտության մասնակիցներին տվել են բրոկոլիի հյութահանուկը փոշու տեսքով, որը պարունակում էր 100 անգամ ավելի շատ սուլֆարոֆան, քան թարմ բնական բրոկոլին:
Ինչպես գրում է Foods For Better Health պարբերականը, գիտնականները պարզել են, որ բրոկոլիի հյութահանուկի գործածության դեպքում կամավորների մոտ զգալիորեն նվազել է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը չի նկատվել մյուս մասնակիցների մոտ: Ի տարբերություն գիտափորձին մասնակցած մյուս խմբերի՝ այս խմբի կամավորների մոտ գլյուկոզայի մակարդակը նվազել է 10%-ով: Ավելին՝ նրանց օրգանիզմն սկսել է վերահսկել գլյուկոզայի մակարդկն ու նվազեցրել է դրա արտադրությունը: