Կիրառել բոլոր միջոցներն ադրբեջանցիներին Հայաստանի սահման չթողնելու համար. ՊՆ նախարարն այսօր կրկին խրոխտ հայտարարություն է արել

Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը 3-դ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։

Նախարարը խստորեն հրահանգել է՝ կասեցնել Հայաստանի սահմանը հատելու հակառակորդի բոլոր փորձերը;

«Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք։ Դա ձեր խնդիրն է։ Դրա համար, սկսած դիրքի հրամանատարից, կորպուսի հրամանատարը, զորամասի ու ստորաբաժանումների հրամանատարներն ունեն բոլոր իրավունքները՝ կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով»,-նշել է նա՝ դիմելով ներկաներին։

Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ որևէ ուղղությամբ չենք ցանկանում սրացումներ լինեն;

«Բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, բոլորիդ հրամայում եմ՝ կիրառել բոլոր միջոցները, որ նրանց միտումները հաջողության չհասնեն»,-ՀՀ հակառակորդին զգուշացրել է նախարարը։