1700 դոլարով կոշիկներ եմ գնել Լյուսի Հայրապետյանը՝ ամենաթանկ ու ամենաէժան գնումների, շոփփինգի համար ամսական 500. 000 դրամ ծախսելու և համարձակ հագնվելու մասին (տեսանյութ)

Հայտնի մարդկանց ոճն ներկայացնող շարքում Tert.am Life-ն այս անգամ անդրադարձել է մոդել Լյուսի Հայրապետյանին: Ըստ նրա՝ առօրյայում նախընտրում է հագնել հարմարավետ հագուստ:

«Աշխատանքի բերումով շատ եմ վազվզում: Հագնում եմ, հիմնականում, սպորտային կոշիկներ, որոնք պրակտիկ են: Շատ կարծիքներ կան, որ սպորտային հագուստը կանացի չէ, բայց ես համաձայն չեմ: Հաճախ սպորտային հագուստով ավելի շատ եմ ուշադրության արժանանում հակառակ սեռի կողմից, քան բարձրակրունկներով: Ամեն ինչ մատուցումից է կախված, կարելի է թեկուզ ժպտալով, ժեստերով, խոսելով, դիմախաղով ավելի կանացի լինել: Ինձ շատ են ասում, որ կանացի եմ: Նույնիսկ երբ սպորտային շատ կոպիտ հագուստով եմ լինում, ասում են՝ միևնույն է, կանացի եմ»,- ասել է նա:

Մոդելի խոսքով՝ գնումներ շատ եմ սիրում, շաբաթը մեկ անգամ գնում է շոփփինգի: «Նախկինում միայն աշխատում էի, գնումների ժամանակ չէի ունենում: Հետո, երբ սկսեցի շատ միջոցառումների, նկարահանումների մասնակցել, անընդհատ նոր հագուստ գնելու պահանջ առաջացավ: Շոփփինգն ինձ համար տրամադրություն բարձրացնելու միջոց է, մի քանի նոր բան ես գնում, սկսում ես քեզ ավելի գնահատել, վերաարժևորում ես: Գնումներն ինձնից խլում են մոտ մեկ ժամ, արագ եմ կողմնորոշվում, խանութներով երկար չեմ պտտվում: Օնլայն գնումներ չեմ սիրում, դրանից հեռու եմ: Ավելի լավ է մի փոքր թանկ վճարեմ ու փորձելուց հետո գնեմ, քան ավելի մատչելի լինի և պատվիրեմ: Շոփփինգի համար ամսական մոտ 500.000 դրամ եմ ծախսում»,- պատմել է նա:
Լյուսին ընդգծել է, որ իր համար կարևոր է հագուստի որակը: «Վերջերս մի խանութում զեղչ էր, քույրս ասաց, 5000 դրամով սպորտային բլուզ և տաբատ գնեցի: Պարզվեց՝ 70 % զեղչ էր եղել: Այդպես գնեցի՝ մտածելով, որ եթե առօրյայում չհագնեմ, օդանավակայանում հաստատ կհագնեմ, որովհետև հարմար հագուստ էր»,- նշել է նա:

Մոդելը պատմել է, որ եթե հագուստները Հայաստանից է գնում, կոշիկները, հիմնականում, արտերկրից է ձեռք բերում:
«Հայաստանում ոճայինները շատ քիչ եմ հանդիպում: Երկու ամենաթանկ գնումներս արտերկրում եմ արել: Ամերիկայի Միացյալ Նահանգներից 1700 դոլարով Christian Louboutin բրենդի նոր հավաքածուից կոշիկներ եմ գնել: Սովորաբար, այդքան թանկ չեմ գնում, բայց դրանք խենթանալու են: Մի անգամ էլ Դուբայից Chanel բրենդից պայուսակ եմ գնել, բայց կոնկրետ գինը չեմ հիշում: Ամեն անգամ ասում եմ՝ ինչիս էր պետք մոտ 2000 դոլար տալ և պայուսակ գնել: Նման բաներ ինձ շատ հազվադեպ եմ թույլ տալիս, պետք է երկար աշխատեմ, որ կարողանամ գնել: Ինքս ինձ երես տալու բնավորություն ունեմ, բայց ցանկություններիս հարցում զուսպ եմ, եթե մի բան ուզում եմ, ուրեմն՝ արժե»,- շեշտել է նա:

Լյուսին վերջերս միջոցառում վարելիս հագել էր քույրիկի հարսանեկան զգեստը: «Անկեղծ ասած, երբ քույրս կարել էր այդ հագուստը, ասում էր, որ կտա ինձ, ես կհագնեմ միջոցառում վարելիս: Կարող է տարօրինակ թվալ, որ հագել եմ նրա հարսանեկան զգեստը, բայց մենք ուրիշ քույրեր ենք: Մեր միջև լարված ոչ մի պահ չի եղել, այլ հարաբերություններ ունենք»,- ասել է նա:
Մոդելը նաև նկատել է, որ սիրում է ոտքերը բաց հագուստ: «Մայրս փոքր տարիքից ինձ կարճ է հագցրել ու ասել է, որ գեղեցիկ ոտքեր ունեմ: Եթե սիրուն ոտքեր ունես, պետք է բացես դրանք: Ասում են՝ Հայաստանի համար համարձակ եմ հագնվում, բայց դա ինձ համար բարդություններ չի ստեղծում: Միայն մայրս էր մի ժամանակ խոսում ինձ վրա, բարդ էր համակերպվում: Ես մտածում եմ՝ եթե հագուստը ստեղծվել է, ուրեմն՝ այն պետք է հագնել: Որքան էլ բաց հագնեմ, գիտեմ՝ աշխատանքային հանդիպմանը լայն դեկոլտեով չեմ գնա: Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, դա իր ընտրությունն է: Համարձակ հագուստը գուցե իմ ոճի մի մասն է դարձել, բայց դա միտումնավոր չեմ արել: Երբ խանութներ եմ գնում, փակ հագուստ չեմ էլ տեսնում, միայն բաց հագուստ եմ տեսնում»,- եզրափակել է Լյուսին: